Եվրամիությունն ընդլայնել է Իրանի դեմ պատժամիջոցները ՈՒկրաինայի հետ պատերազմում Ռուսաստանին Թեհրանի աջակցության պատճառով՝ երկուշաբթի հայտարարել է Եվրահանձնաժողովը։ Նոր պատժամիջոցներն ուղղված են նավերի և նավահանգիստների դեմ, որոնք օգտագործվում են իրանական արտադրության անօդաչու թռչող սարքերի, հրթիռների, հարակից տեխնոլոգիաների և բաղադրիչների տեղափոխման համար՝ ասված է զեկույցում:               
 

Օլիգարխի լակեյն է՞լ է օլիգարխ

Օլիգարխի լակեյն է՞լ է օլիգարխ
27.06.2012 | 14:01

Հայ մեծահարուստներից մեկին պատկանող ռեստորանում տեղի ունեցած ծեծկռտուքը տխուր արձագանք գտավ նաև մոսկվայահայերի շրջանում: Այստեղ էլ լավ գիտեն ժողովրդի կողմից էկզոտիկ մականունների արժանացած հաստաքսակներին: Այլ պարագայում հազիվ թե մարդկանց հուզեր, թե ով է տվյալ հաստատության սեփականատերը: Թե ինչ չափով է մեղավոր այդ անձը, թող պարզի հետաքննությունը, թեև հազիվ թե այստեղ խոսքը վերաբերում է նրա անմիջական մեղավորությանը: Գլխավորը ամենաթողության մթնոլորտն է, որ իրենց շուրջ ստեղծել են օլիգարխները: Դեպքը հերթական անգամ վկայում է, որ Հայաստանում այդ անձանց շրջապատում նույնքան լկտի են նույնիսկ նրանց սպասարկուները` թիկնապահ թե մատուցող: Ինչքան պիտի իրենց անպատիժ զգան այդ քրեականացված տարրերը, որ իրենց թույլ տան առանց փոքրիշատե ուղեղներին զոռ տալու, չնչին մի առիթով գազանաբար հաշվեհարդար տեսնելու հայոց բանակի երեք բժիշկ սպաների նկատմամբ: Փաստորեն, ստեղծվել է ֆիզիկական բիրտ ուժի և ստրկամտության մի բանակ, որի դեմ անզոր է անգամ ոչ հասարակ մարդը:
Երբ տարբեր առիթներով ռուսահայերը շոշափում են Հայաստանում բուն դրած օլիգարխիական համակարգի հարցը, հաճախ են բախվում մի հակաթեզի` դե, ձեր երկրորդ հայրենիքն էլ մի բան չէ, այդտեղ էլ են արտոնյալ վիճակում հայտնվել բազում օլիգարխներ: Ճիշտ է, և սրանք էլ նույնքան հակակրելի են ժողովրդի համար (թեև մականունների չեն արժանացել):
Սակայն, այդուհանդերձ, էական մեծ տարբերություն կա հայաստանցի ու ռուսաստանցի օլիգարխների միջև: Մի կողմ թողնենք մասշտաբի հարցը, որ բնական է. Ռուսաստանը անծայրածիր ու բնական պաշարներով գերհարուստ երկիր է: Հսկայական է այս երկու «խավերի» տարբերությունը, առաջին հերթին, կրթական-կուլտուրական մակարդակի առումով: Գուցե ծայրահեղություն է, երբ Հայաստանում սրամտում են, թե հայրենի օլիգարխներն ունեն… թերի տարրական կրթություն: Բայց որ վերջիններիս ինտելեկտուալ մակարդակը կարիք ունի բարելավման, կասկած չի կարող հարուցել: Ռուսաստանցի օլիգարխները, որպես կանոն, փայլուն կրթություն ունեն` տեղական, թե արտասահմանյան: Նրանց մի մասը խոշոր բիզնես է մտել նույնիսկ ակադեմիական միջավայրից: Զգալի են տեխնիկական, տնտեսական գիտությունների ներկայացուցիչները: Այս միջավայրում խիստ հարգի է կառավարչական փորձը և այլն:
Վերցնենք մեր հայրենակից Ռուբեն Վարդանյանին: Ռուսաստանի բարձրագույն ղեկավարների հետ ի՞նչ միջավայրերում կարելի է տեսնել նրան. ամենահեղինակավոր մակարդակի ինտելեկտուալ-ակադեմիական համաժողովներում: Պահանջված են ոչ թե նրա միլիոնները, որ, իհարկե, ինքնին վատ չէ, այլ նրա ուղեղը` գիտելիքները: Այլ կերպ հայազգի «օլիգարխին» ինչպես կվստահեին Ռուսաստանի նորագույն ամենագիտակրթական խոշորագույն հաստատություններից մեկի ղեկավարումը: Հայաստանցին երազում էլ չի կարող տեսնել, որ իր օլիգարխը մենաշնորհ ունենա, ասենք, նորագույն տեխնոլոգիաների բնագավառում (դժվար կլինի նույնիսկ նրա համար… մականուն հնարել): Կամ, մեր արդեն մականունակիր օլիգարխներից ո՞ւմ կարելի է ելույթ վստահել Դավոսում, թե Պետերբուրգում (ի՞նչ գլխացավանք, եթե կարելի է մակարոն ու ձեթ ներկրել ու, ինչպես ժողովուրդն է ասում, «հոր» գինը դնել վրան ու վաճառքի հանել): Համաձայնեք` բարձրակարգ պրոֆեսիոնալ օլիգարխի գործունեությունից երկիրը, այնուամենայնիվ, շահում է:
Երկու երկրների օլիգարխներին առնչված ևս մի առանձնահատկություն: Գալով իշխանության գլուխ (առաջին անգամ), Վլադիմիր Պուտինն իր առջև հառնած բազմաբարդ խնդիրների մեջ առաջնայիններից մեկը դարձրեց (հարկադրված) Ելցինից ժառանգություն ստացած հակապետական-հակառուսական օլիգարխիական համակարգի առավել խորշելի ներկայացուցիչների (հիմնականում` հրեա) սանձահարումը: Իշխանության հաստատման իմաստով, առանց չափազանցության, կենաց ու մահու պայքար ծավալվեց: Պուտինը գործեց անողոք. պետք էր` նստեցրեց, պետք էր` վռնդեց երկրից, պետք էր` սնանկացրեց: Չասենք, թե վերացրեց համակարգը, բայց հնազանդեցրեց շփացած միլիարդատերերին ու նրանց դարձրեց վերահսկելի: Մեծահարուստների տնտեսական ու հատկապես քաղաքական գործունեությունը ենթարկվեց պետության շահերի շրջանակում ձևավորվող խաղի նոր կանոններին: Ինչպես ասվեց, պատկերն այսօր էլ իդեալական չէ (ի՞նչ արժե հենց միայն Աբրամովիչը), բայց ուշադրություն դարձրեք ընդամենը մի շտրիխի վրա, ինչը ևս վկայում է, թե ով է դրության տերը: Արդեն մի քանի տարի Պուտինը ռուսաստանցի միլիարդատերերին «խորհուրդ է տալիս» հսկայական միջոցներ ներդնել հենց գիտակրթական համակարգի զարգացման մեջ: Ամերիկացիների օրինակով նա ձգտում է երկրի առաջատար բարձրագույն ուսումնական հաստատությունները դարձնել նաև խոշորագույն գիտական-հետազոտական կենտրոններ: Եվ թող «վակսելբերգները» փորձեն չկատարել Պուտինի հրահանգները: Նորերս ռուսաց ղեկավարը մեծ գոհունակությամբ հայտարարեց, որ առաջին անգամ երկրում համաշխարհային նշանակության գիտական հայտնագործություն է կատարվել մասնավոր միջոցներով:
Հավանաբար անկարելի է խնդիր դարձնել հայրենի օլիգարխների (չնչին բացառությամբ) մտավոր-բարեկրթական մակարդակը բարձրացնելը: Բայց գուցե նրանց համհարզներին ու լակեյներին կարելի է իրավական լեզվով հասկացնել, որ զուտ մկանային ինքնահաստատումը անասնական բնազդ է: Տվյալ միջադեպի կապակցությամբ թերևս պետք էր ակնկալել պաշտպանության նախարարության շատ ավելի սուր արձագանքը:


Ռուբեն ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ
Մոսկվա

Դիտվել է՝ 3449

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ